Թատրոններում հանդիսատեսի հետ կենդանի կապը դեռ չի վերականգնվել, բայց փորձերը վերսկսվել են։ Կարելի է ասել՝ մշակութային օջախները սկսել են օդի իրենց չափաբաժինը ստանալ։ Մեկուսացման օրերին նրանք ոչ միայն հաղթահարում էին համավարակի «մատուցած» դժվարությունները, այլև տարատեսակ նախագծերով փորձում հետաքրքիր դարձնել տանը փակված մարդկանց առօրյան։
Աբովյանի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ մեզ հետ զրույցում ասաց, որ մեկուսացման շրջանում ստիպված էին անցնել առցանց տիրույթ, հեքիաթներ ընթերցել փոքրիկ հանդիսատեսի համար, ներկայացումներից որոշակի ցուցադրություններ իրականացնել. «Բայց թատրոնը ենթադրում է կենդանի շփում հանդիսատեսի հետ, և առցանց հարթակում աշխատելը մի փոքր աբսուրդի ժանրից է։ Շնորհակալ ենք, որ արդեն որոշակի թույլտվություն ունենք փոքր խմբերով փորձեր անելու։ Հուսանք, որ ազգովին հնարավորինս շուտ կհաղթահարենք այս խնդիրը, թատրոնն էլ հանդիսատես կունենա»։
Մեր զրուցակիցը չի բացառում, որ երբ թատրոնն իր դռները բացի, սկզբնական շրջանում հանդիսատեսը հոգեբանական խնդիրներ կունենա, գուցե դեռ խուսափի փակ տարածքներից, բայց վստահ է նաև, որ այդ ամենը ժամանակավոր է. թատերասերները չեն կարող երկար դիմանալ առանց թատրոնի, ինչպես որ թատրոնը չի կարող առանց իր սիրելի հանդիսատեսի։
Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ կիսատ թողած գործեր ունեն՝ նոր ներկայացում, հյուրախաղեր, նախագծեր։ Պարզվեց` մինչ համավարակը Աբովյանի դրամատիկական թատրոնում նոր ներկայացման փորձեր են ընթացել՝ «Հիվանդասենյակ N 6», ըստ Չեխովի համանուն պատմվածքի և «Կարմիր գլխարկի» մանկական երաժշտական ներկայացումը։ Առաջնախաղերը լինելու էին մարտի վերջին, ապրիլի սկզբին։
«Ցավոք, չիրականացան։ Համավարակը հաղթահարելուց հետո կվերականգնենք ու կխաղանք դրանք, ինչպես մեր խաղացանկի մյուս բոլոր ներկայացումները»,- ասաց Արմեն Սարգսյանը, հավելելով, որ որպես դերասան համագործակցում է «Գոյ» թատրոնի հետ, փետրվարի 14-ին պետք է կայանար հերթական առաջնախաղը։
Զրուցեցինք նաև առավել լուսավոր ժամանակներից, երբ համավարակը չէր ներխուժել մեր կյանք։ «Աբովյանի թատրոնն ունի՞ հանդիսատես։ Մայրաքաղաքը մոտ է, երևանյան թատրոնները գուցե ավելի՞ գրավեն Աբովյանի հանդիսատեսին» հարցերին ի պատասխան Արմեն Սարգսյանն ասաց, որ երբ նշանակվել է թատրոնի գեղարվեստական ղեկավար, սկզբնական շրջանում ունեցել է այդ մտավախությունը, բայց պարզվել է, որ աբովյանցին իր թատրոնը շատ է սիրում։ Ֆանտաստիկ հանդիսատես ունեն։ Ի դեպ, երևանյան հանդիսատեսն էլ ոչ պակաս ակտիվ է։ Դեր ունի նաև տեղանքի գործոնը, Աբովյանում օդը մաքուր է, թատրոնն այնպիսի վայրում է, որ շենքեր չկան, մեքենաները շատ չեն։ «Գալիս են թատրոն, միաժամանակ զբոսնում, վայելում մեր կանաչ քաղաքը։ Հաճախ դասարաններով են այցելում։ Հատկապես, երբ Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում կոմպոզիտոր Վահե Հայրապետյանի հետ «Շունն ու կատուն» երաժշական մյուզիքլը ներկայացրինք, հանդիսատեսը շատ սիրեց այն։ Ներկայացումն անցնում էր լեփ-լեցուն դահլիճում»,- հավելեց գեղարվեստական ղեկավարը։
Աբովյանի թատրոնը նաև հյուրախաղերի է մեկնում Երևան, ՀՀ մարզեր, համագործակցում իտալական մի թատերախմբի հետ. փոխայցեր են լինում ամեն տարի, փորձարարական ներկայացումներ են բեմադրում։ Մեր զրուցակիցը կեսկատակ ասում է՝ հիմա պետք է Իտալիայում լինեինք, եթե համավարակը ամեն ինչ իրար չխառներ։ Սակայն անգործ չեն մնացել, համատեղ առցանց ներկայացում են բեմադրել։ Թեման համավարակն է, ներկայացվելու է իտալական հիվանդանոցում, որտեղ բուժվում են վարակակիրները։
Հետաքրքվեցինք նաև թատրոնի խաղացանկով։ Երբ Արմեն Սարգսյանը ստանձնել է գեղարվեստական ղեկավարի պաշտոնը, այդ շրջանում թատրոնը մի քիչ պասիվ է եղել։ «Ես իմ առաջ խնդիր դրեցի մանկական ներակայացումներ բեմադրելու, որ հանդիսատեսին մոտեցնենք թատրոնին, կրտսեր հանդիսատեսին սովորեցնենք իր հարազատ քաղաքում ներկայացումներ նայել։ Առաջինը բեմադրեցինք Թումանյանի «Պոչատ աղվեսը», որն արժանացավ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակի։ Հետագայում՝ «Կոշկավոր կատուն», «Չարի վերջը», ամանորյան ներկայացումներ, որ ամփոփվեցին «Շունն ու կատուն» ներկայացմամբ։ Մեծահասակների համար ունեինք կոմեդիաներ՝ «Չստացված գողություններ», «ԱԻՆ 911», պատրաստում էինք «Հիվանդասենյակ N 6» ներկայացումն ու էլի նախագծեր, ու ամեն ինչ կիսատ մնաց։ Բայց լավատես ենք,- ասաց Արմեն Սարգսյանը, շենքային պայմանների մասին հարցին ի պատասխան էլ ասաց, որ դա թերևս թատրոնի միակ լուրջ խնդիրն է, ու կարծում է, բոլոր մարզային թատրոններում, մասնակի վերապահումներով, կա այդ խնդիրը։- Աբովյանի դրամատիկական թատրոնի շենքը կառուցվել է 1980-ին։ Կապիտալ վերանորոգում երբևէ չի արվել, մասնակի վերանորոգումներ լինում են, և հիմա Աբովյանի համայնքապետը ծրագրեր է իրականացնում, որ ներդրողներ ներգրավի քաղաքի թատրոնը վերանորոգելու գործում, և 21-րդ դարին համահունչ թատրոնի շենք ունենանք»։
Զրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ